«Երևան 2025» միջազգային կոնֆերանսում ներկայացվել են մայրաքաղաքի մշակութային-զբոսաշրջային զարգացման հեռանկարները
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ծրագրով մայրաքաղաքում անցկացվող «Երևան 2025» միջազգային համաժողովում ըստ ոլորտների 4 հիմնական ուղղություններով ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման ուղղությամբ քաղաքային իշխանության կողմից վերջին տարիներին իրականացված ծրագրերն ու ուրվագծվել Երևանի զարգացման հեռանկարները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդես է եկել «Զբոսաշրջության զարգացումը մշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համատեքստում» զեկույցով: Խոսելով մշակույթի ոլորտում քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքներից՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է մշակութային արժեքների պահպանման, ոլորտի կադրերի որակի և նրանց սոցիալական վիճակի բարելավման, մշակութային ժառանգության մատչելիության ապահովմանը նպատակաուղղված միջոցառումները։ Ժամանակակից արվեստի ենթակառուցվածքների զարգացման նպատակով շարունակաբար իրականացվում են մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների վերանորոգման և նյութատեխնիկական բազայի ապահովման աշխատանքներ։ 2025-ի հեռանկարներում առանձնացվել է միջազգային մասնագիտացված դպրոցներ հիմնելու, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրայնացման անհրաժեշտությունը:
«Ամենատարբեր ժամանակներում և պատմության շառավիղներում 2796-ամյա Երևանն արձանագրել է մշակութային խոշոր ձեռքբերումներ, թողել հետք թե՛ Եվրոպայում, թե՛ Ասիայում։ Շուրջ 25-ամյա մեր պետականության անցումային փուլը հաղթահարված է, ու արդեն մի քանի տարի է, որ Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը զարգացման լուրջ ու հաստատուն փուլում են։ Երևանը՝ որպես համայն հայության գիտակրթական և մշակութային զարկերակ, ներառում է հանրապետության մշակութային, գիտական, կրթական և ճանաչված կենտրոնների շունչը: Առօրյա հոգսերով ապրող քաղաքի ինքնակառավարման մարմիններն ու համայնքն ընդգծված և հատուկ ուշադրություն են դարձնում Երևանի վաղվա մտավոր օրվան»,-նկատել է քաղաքապետի տեղակալը՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի մշակութային զարգացումն ուղղակիորեն փոխկապակցած է զբոսաշրջության հետ, ինչն էլ իր հերթին, ռեսուրսների ճիշտ կիրառման դեպքում կնպաստի մշակույթի զարգացմանը: Որպես օրինակ նշվել են Երևանում անցկացվող միջազգային կինո և թատերական փառատոները:
«Հայաստանի կառավարության կողմից տուրիզմը հայտարարվել է տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը։ Զարգացմանը միտված քայլերին զուգահեռ կատարվում է արագ ու չվերահսկվող տուրիզմի վերլուծություն։ Այլևս ձևավորված է Երևան քաղաքի տուրիստական երթուղին, սակայն այն պետք է հագեցվի մշակութային մի շարք ծրագրերով, միջոցառումներով: Զուգահեռ աշխատանքներ են տարվում Երևանի բրենդի մշակման ուղղությամբ»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Իր ելույթում Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև խնդիրները և ընդգծել պատմամշակութային մի շարք կենտրոնների ռեստավրացիոն հիմնախնդիրը:
Քաղաքապետի տեղակալի ներկայացրած հիմնախնդրի համատեքստում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը «Հնագիտական հուշարձանների վերականգնման և դրանց նպատակային օգտագործման նոր հնարավորությունները» թեմայի շրջանակում ներկայացրել է «էրեբունի» արգելոց-թանգարանի արդիականացման ներդրումային նախագիծը, որը ներառում է արգելոցի որոշակի հատվածների, այդ թվում՝ միջնաբերդի վերականգնողական աշխատանքներ: Գագիկ Գյուրջյանը նկատել է, որ, հաշվի առնելով միջազգային փորձը, նախագծի իրագործումն ունի նաև տնտեսական կարևոր նշանակություն:
«Մշակութային-զբոսաշրջային ռեսուրսներ» թեմայի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է քաղաքային զբոսաշրջության ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված՝ քաղաքապետարանի կողմից մշակված ծրագրերը՝ հատկանշելով ինտերակտիվ բաղադրիչների կիրառումը: Ընդգծելով, որ ներկայում հատկապես Եվրոպայում ակնհայտ է քաղաքային զբոսաշրջության զարգացման միտումը՝ Մարիա Բարաղամյանը կարևորել է Երևանում համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը և այս համատեքստում առանձնացրել լիաժեք հանգստի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
«Երևանն արագ զարգացող քաղաք է ու բնական է, որ քաղաքային տնտեսության ոլորտում առանձնակի դեր է զբաղեցնում տուրիզմը: Երևանն իր մշակութային–զբոսաշրջային ռեսուրսներով բավական լուրջ ներուժ ունի 2025 թվականին դառնալու տարածաշրջանում զբոսաշրջային կենտրոն։ Քաղաքապետարանի կողմից այդ նպատակով մշակվել է նաև քաղաքի ներդրումային առաջարկների փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Հատկանշական է, որ հատուկ ուշադրություն է դարձվում վարչական շրջաններում տուրիզմի զարգացման համար նախադրյալների ապահովմանը»,- նշել է Մարիա Բարաղամյանն ու մանրամասն ներկայացրել «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և Կենդանաբանական այգու արդիականացման ծրագրերը:
Խոսելով նպատակային քայլերի մասին՝ առաջնահերթ առանձացվել է «Երևան 2025» զբոսաշրջային հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն