«Երևան» տաղավարը՝ «ԴիջիԹեք 2025»-ում
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունն այս տարի կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով, «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Տեխնոլոգիաների զարգացումը Երևանի քաղաքապետարանի համար առաջնահերթություն է ու ռազմավարական ուղղություն, և այս տարի համայնքն առաջին անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այս խոշոր նախաձեռնությանը: Այս տարի, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ունենալու է նաև «Երևան» տաղավարը, որտեղ կներկայացվեն մեր քաղաքում կիրառվող տեխնոլոգիական և խելացի լուծումները։
Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շարունակելու համագործակցությունը թե՛ ոլորտի մասնագետների և թե՛ միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելով նորարար միջավայրի ամրապնդմանը։
«Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիական ոլորտը ոչ միայն տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, այլև մեր քաղաքի զարգացման նոր որակի երաշխիքը։ «ԴիջիԹեքն» այն եզակի հարթակներից է, որտեղ խաչվում են տեղական նախաձեռնություններն ու համաշխարհային փորձը, ստեղծվում են համագործակցության նոր կամուրջներ և ձևավորվում են տեսլականներ, որոնք վեր են ցուցահանդեսային ձևաչափից։ Մենք, որպես Երևանի քաղաքապետարան, պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը թե՛ ոլորտի մասնագետների և թե՛ միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելով նորարար միջավայրի ամրապնդմանը։ Երևանը ոչ միայն տեխնոլոգիաների ընդունողն է, այլ նաև դրանց ձևավորողն ու խթանողը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը։
Տեխնոլոգիական իրադարձության կազմակերպիչները կանխատեսում են. արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառումը կունենա 40 000 այցելու շուրջ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում: