Երևանը երթևեկության կառավարման կենտրոն կունենա
Երևանում ավտոմեքենաների շարունակական աճը, ճանապարհային երթևեկության ծավալների արագ ավելացումը, հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխման ընթացքը, ինչպես նաև քաղաքային միջավայրում երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը պահանջում են էլ ավելի ﬕավորված և համակարգված մոտեցում՝ ճանապարհային երթևեկության կառավարման, վերահսկման և պլանավորման գործընթացներում։
Հաշվի առնելով նաև այս մարտահրավերները՝ այսօր ավագանու քննարկմանն էր ներկայացվել Երևանի երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու առաջարկը: Որոշման նախագիծն արժանացավ ավագանու հավանությանը:
Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ հանրային տրանսպորտի ոլորտում շարունակական բարեփոխումների ծրագրային զարգացման շրջանակում 2026թ. նոր շարժակազմի ձեռքբերմանը, տոմսային համակարգի ներդրմանը, GPS հարթակի կատարելագործմանը, տեսախցիկների տնտեսության ընդլայնմանը և այլ աշխատանքներին զուգահեռ, քաղաքապետարանը նախանշել է երկու խոշոր ուղղություն:
Մասնավորապես, քայլեր կձեռնարկվեն երթակարգավարական համակարգի ձևավորման ու գործարկման, երթևեկության արդյունավետ ու խելացի կառավարման համակարգերի ներդրման և կիրառման ուղղությամբ: Դրանք ներառում են խելացի լուսացույցներ, տրանսպորտային հոսքերի համապարփակ հաշվարկ ու համապատասխան տեխնոլոգիական լուծումների կիրառում։
Առանձին մասնագիտացված համայնքային կառույցը կձևավորվի «Երևանտրանս»-ի փոխարեն, նշված ընկերությունը կլուծարվի:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 23-ին: