Երևանը գործուն քայլեր է ձեռնարկում Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը լավարկելու նպատակով
Հոկտեմբերի 5-ից 10-ը անցկացվող Երեխաների նկատմամբ բռնության և անտեսման կանխարգելման միջազգային կազմակերպության (ISPCAN) կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսին և «Rise Up» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը գտնվում էր Վիլնյուսում:
Համաժողովի ընթացքում Գևորգ Ղարիբյանը հանդես է եկել զեկույցով՝ անդրադառնալով սոցիալական ծառայությունների աշխատուժը որպես երեխաների պաշտպանության համակարգերի կարևորագույն հենասյուն հզորացնելուն, ֆինանսավորելուն և ընդլայնելուն, Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխմանը Հայաստանում ու Երևանի փորձին:
Այցի ընթացքում Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատարը մասնակցել է նաև մի շարք պաշտոնական հանդիպումների՝ միտված երեխաների պաշտպանության և սոցիալական ծառայությունների ոլորտում Երևանի և Վիլնյուսի միջև մասնագիտական համագործակցության ընդլայնմանը։
Վիլնյուսի փոխքաղաքապետ Սիմոնա Բիելիունեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Երևանի և Վիլնյուսի միջև գործակցության հնարավոր ոլորտներին՝ երեխաների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման և ծրագրային համագործակցության շրջանակներում:
Վիլնյուսի քաղաքային սոցիալական ծառայությունների կենտրոնի փոխտնօրեն Տոմա Միկելկևիչուտեի հետ հանդիպման ընթացքում էլ կողմերը քննարկել են սոցիալական ծառայությունների կազմակերպման արդյունավետ մեխանիզմները, փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպելու և համատեղ ծրագրեր մշակելու վերաբերյալ:
«Քիբլ» կրթական և խնամքի կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության հնարավոր ձևաչափերը երեխաների խնամքի կազմակերպման, գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով։
«ISPCAN» կազմակերպության ներկայացուցիչ Պրագատի Թումալայի կողմից վարչության պետին շնորհվել է անժամկետ անդամակցություն՝ երեխաների պաշտպանության ոլորտում ներդրված ավանդի համար:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի քաղաքապետարանը, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, ընդգրկելու «ISPCAN»-ի գործընկեր կառույցների ցանկում: «ISPCAN»-ը պատրաստակամություն է հայտնել տրամադրել երեխաների խնամքի կազմակերպման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մեթոդաբանություն:
Առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի փորձը հրապարակել «ISPCAN»-ի “Child Protection and Practice” գիտական ամսագրում: