Երևանը հյուրընկալել է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես -2025»-ը

28.11.2025

Երևանը հյուրընկալել է տարվա առողջապահական ամենամեծ իրադարձությունը: Նոյեմբերի 27-30-ը «Մերիդյան Էքսպո» կենտրոնում անցկացվում է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը, որի ընթացքում կազմակերպված «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավն իր շուրջն է համախմբել ոլորտի առաջատարների՝ աշխարհի ավելի քան 50 երկրներից: Տաղավարների ընդհանուր թիվը գերազանցում է 120-ը, իսկ գիտակրթական ծրագրերով  շուրջ 70 բանախոս, 300-ից ավելի տեղական ու միջազգային ընկերություններ և ավելի քան 1500 բժիշկներ մասնակցում են այս օրերին Երևանում ընթացող գիտաժողովներին, B2B ձևաչափով հանդիպումներին, մասնագիտական սեմինարներին, ինչպես նաև փորձի փոխանակմանը: Բժշկությունը, տեխնոլոգիան, հանրության առողջությունը, բիզնեսը և գիտությունը միավորող տարվա ամենամեծ առողջապահական հարթակը ներկայացնող «Armenian International Healthcare Expo 2025»-ը հավակնում է դառնալ տարածաշրջանի խոշորագույն առողջապահական հարթակներից մեկը: 
Ցուցահանդեսին ներկա են եղել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը: Նախաձեռնության գլխավոր գործընկերը Երևանի քաղաքապետարանն է, որի ենթակայության ներքո գործող առողջության կենտրոնները, շտապօգնությունը, կրթական և հանրային առողջության ծրագրերը ներկայացված են այս հարթակում:

Լուսանկարներ

Տեսնել ավելին