Երևանը կմշակի կլիմայի փոփոխության դեմ պայքարի իր ծրագիրը

27.05.2019

Երևանում կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու և քաղաքի համար առաջնահերթ ծրագրերի մշակման մեխանիզմներն են քննարկվել քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը: Ներկայացվել են «Կանաչ կլիմայի հիմնադրամի» աջակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերն ու նոր նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները: Մասնավորապես, ներկայացվել է հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով իրականացվող «Պատրաստվածության աջակցություն» ծրագիրը:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է բնապահպանական տարբեր նախաձեռնությունների իրագործումը: Տարիների ընթացքում քաղաքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այդ թվում՝ բնապահպանական, որոնք հանձն ենք առել քայլ առ քայլ լուծել առաջիկա տարիների ընթացքում: Այսօր մշակվում է տրանսպորտային նոր ցանցը, որտեղ հաշվի ենք առնելու արտանետումների նվազումը, բացի այդ, վարկային միջոցների ներգրավմամբ կլուծենք նոր աղբավայրի կառուցման խնդիրը: Ուստի, պետք է այնպես ծրագրենք քաղաքի զարգացման տեսլականը, որ նոր գաղափարները լինեն իրապես իրագործելի ֆինանսական առումով և արդյունավետ»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
«Պատրաստվածության աջակցություն» ծրագրի խորհրդատու «Քոնսեկոարդ» ընկերությունը նախատեսում է մշակել «Երկրի ծրագիր» նախագիծը, որի հիմնական շահառուներից է Երևան համայնքը: Ընկերության տնօրեն Վռամ Թևոսյանը, ներկայացնելով «Կանաչ կլիմայի հիմնադրամի» ընդհանուր քաղաքականությունն ու նպատակները, հատկանշել է, որ Երևանը կարող է դրամաշնորհների, արտոնյալ վարկերի միջոցով փորձել մեղմացնել և լուծել քաղաքի առաջնային խնդիրները: Ծրագրերում կարևորվում են նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը, բնակրթության զարգացումը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին քննարկում կազմակերպել, նախանշել Երևանի առաջնահերթությունները, որոնք հետագայում կամփոփվեն և կներկայացվեն որպես ծրագրային առաջարկություններ:

Լուսանկարներ