«Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն». Տիգրան Ավինյան

28.06.2025

«Երևանի քաղաքապետի գավաթ 2025» բասկետբոլի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող «Երևան» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը:

Մայիսի 23-28-ն անցկացվող մրցաշարին մասնակցում էին շուրջ 110 մարզիկներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Լիբանանից ու Վրաստանից:

Մարզական այս ստուգատեսի եզրափակիչ փուլին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս մրցաշարը, ինչպես նաև «Երևանի քաղաքապետի գավաթ» անվամբ անցկացվող մյուս միջազգային առաջնությունները ոչ միայն զարգացնում են սպորտային միջավայրը մեր քաղաքում, այլև խթանում են միջազգային համագործակցությունը, մշակութային փոխանակումն ու մարզական ընկերությունը տարբեր երկրներից ժամանած թիմերի միջև։

«Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ զարգացնելով ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում։ Նման մրցաշարերը ոչ միայն քայլ են այդ ուղղությամբ, այլև ուժեղացնում են թիմային ոգին և առողջ մրցակցությունը»,- նշել է քաղաքապետը:

Տեսանյութ

«Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն». Տիգրան Ավինյան