Երևանի արվարձանում մեկնարկում է Ակադեմիական քաղաք Հայաստան նախաձեռնությունը
Երևանի արվարձանում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ու հավակնոտ կրթական նախաձեռնությունը՝ Ակադեմիական քաղաք Հայաստանը։
275 հա ընդհանուր մակերեսով տարածքում իրականացվող աշխատանքներին ծանոթացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։
Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։
Հանրապետության վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են նաև պեղումների ընթացիկ աշխատանքներին: