Երևանի և Ամմանի քաղաքապետերը շրջել են գիշերային Երևանում

23.04.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային Երևանում: Քաղաքապետերն այցելել են նաև Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում բացված «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանի և Հին Ջուղայի ոչնչացված հազարավոր խաչքարերից 13-ի կրկնօրինակները: 

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բացված այս ցուցահանդեսը հատկապես այս օրերին Երևան այցելող հազարավոր օտարերկրացիներին ևս մեկ հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայկական մշակույթին ու տեղեկանալու իրագործված և շարունակվող նաև մշակութային ոճրագործության մասին: Աքել Բիլթաջին իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, և նշել է, որ ոճրագործությունը, անկախ ձևից, միշտ է դատապարտելի: Ամմանի քաղաքապետը նաև իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին և ընդգծել, որ թեև դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ, արդեն տպավորված է Երևանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին