Երևանի և Իլ դը Ֆրանսի համագործակցությունը շարունակվում է
Մայիսի 20-ին Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ընդունել է Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի` միջազգային և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Ստեֆան Բոդեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում կայանալիք «Երևանի քաղաքային զարգացման ծրագրի» եզրափակիչ համաժողովին միտված, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:
Երկուստեք կարևորվել է Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի փոխգործակցությունը քաղաքային տնտեսության զարգացման գործում: 15-ամյա համագործակցության ընթացքում իրագործվել են քաղաքաշինության, բնապահպանության և տրանսպորտի ոլորտներին վերաբերող արդյունավետ ծրագրեր: Մեծապես կարևորվել է 2022 թվականին մեկնարկած «Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագիրը», որն էապես նպաստել է թափոնների կառավարման, տրանսպորտի և քաղաքային նախագծման ոլորտներում նոր լուծումների կիրառմանը: Մասնավորապես, մշակվել են երթևեկությունը կազմակերպելու նոր նախագծեր, իսկ քաղաքաշինության ոլորտում ներդրվել է մի գործիքակազմ, որը կարևոր նշանակություն ունի քաղաքաշինական որոշումներ կայացնելիս։ Բացի այդ, թափոնների մշակման բնագավառում անցում է կատարվել կառավարման ժամանակակից եղանակների ներդրմանը։
Կողմերը պատրաստակամ են ընդլայնելու համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրագործումը նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: