Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին
Ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կանաչ և մաքուր քաղաք ունենալու, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու ցանկությունը համախմբել էր բոլորին: Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող նոր հանգստի գոտին ծառատունկի շնորհիվ համալրվեց նոր շուրջ 600 տնկիով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և հարյուրավոր երևանցիների հետ միասին տվյալ տարածքում ծառատունկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, իրենց ակտիվ մասնակցությունը բերած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նախ շնորհակալություն է հայտնել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին համաքաղաքային ծառատունկին ակտիվ մասնակցության համար և ընդգծել, որ սա ժողովուրդների բարեկամական հարաբերությունները ջերմացնելու ևս մեկ հրաշալի առիթ է. «Համատեղ ծառատունկի իրականացման խորհուրդը բարեկամությունն է և, ըստ էության, մենք բարեկամության ծառեր ենք տնկում: Մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էլ այս կերպ են իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտում Երևանի նկատմամբ, ինչի համար խորապես շնորհակալ եմ բոլորին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ, որպես ծրագրային առաջնահերթություն ,քաղաքապետարանի կողմից իսկապես կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը. «Քաղաքային իշխանությունն, այո, իր վրա է վերցրել ինչպես մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման, այնպես էլ մաքրության խնդիրը: Սակայն այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև երևանցիների ակտիվ մասնակցությունը, և ես կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ իրենց ակտիվ մասնակցությունը բերել այս գործին: Եվ հաճելի է արձանագրել, որ համաքաղաքային այս միջոցառումներին մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեծ սիրով դարձել են համքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի անմիջական մասնակիցը: Երևանը ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, և ես համոզված եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը: Իսկ ծրագրերը լինելու են շարունակական, և ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք տեսնել բոլորիս երազած կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն