Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ 24 տարի առաջ մենք իրականություն դարձրինք մեր դարավոր երազանքն ու վերականգնեցինք մեր անկախ պետականությունը: Մենք ընտրեցինք ազատ ապրելու իրավունքն ու այսօր էլ շարունակում ենք մեր պետության կայացման և ամրապնդման գործընթացը: Հայաստանն այսօր իր հաստատուն տեղն ունի աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում, բայցև
քիչ չեն անելիքները, որ հասնենք մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայրենիքն ունենալուն: Դեռ ունե՛նք անցնելու ճանապարհ և մեզանից յուրաքանչյուրի պարտքն է Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով ու նվիրված աշխատանքով հասնել այդ երազանքի իրականացմանը: Հայ ժողովուրդն իր դարերի պատմության մեջ բազմիցս է ապացուցել, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, և ես համոզվա՛ծ եմ, որ ունենալո՛ւ ենք մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայրենիքը:
Կրկին շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ խաղաղություն ու բարօրություն եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին, նաև նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի ու Հայրենիքի հզորացման և մեր սերունդների ապագայի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ