«Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնելու գործընթացը». Տիգրան Ավինյան

30.06.2025

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն: Հարթակի գործիքակազմով հնարավոր է ընտրել ցանկացած ծառայություն, ստեղծել դիմումներ, ներկայացնել քաղաքապետարան, ստանալ դրանց պատասխանները, որոնք նաև պահպանվելու են «Օգտատիրոջ գրասենյակում»: Հարթակը նաև ապահովում է նույն հնարավորություններն իրավաբանական անձանց համար՝ ընկերության տնօրենի օգտահաշվին կցելով տվյալ իրավաբանական անձի ինքնաշխատ ստեղծվող օգտահաշիվը: Այս հարթակը էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Առաջնային տարբերակն արդեն հասանելի է yes.yerevan.am հղումով:

***
2025թ. հունվարի 1-ից կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Քաղաքաշինության կոմիտեի կողմից գործարկված հարթակի առնչությամբ մինչ օրս առկա են խնդիրներ, ինչը դժվարություններ է ստեղծում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել տվյալ հարթակի թերությունները վերացնելու ուղիները, դիտարկել թեկուզև ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը:   
***
Առաջիկայում կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի նոր մարզաբազան կառուցելու ծրագիրը:
2027թ. Երևանում կայանալիք մարմնամարզության (սպորտային) եվրոպայի առաջնության անցկացմամբ և այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային  աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը  համարվել է անհետաձգելի և առկա  է համաձայնություն գնման գործընթացները «Հրատապ մեկ անձից» գնման  ընթացակարգով կազմակերպելուն:
***
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ 
Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։ Քաղաքապետը հանձնարարել է շինարարությունը սկսել հնարավորին սեղմ ժամկետներում:
***
Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է:  Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը:
***
Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի՝ Ծարավ աղբյուրի փողոցում, Նոր Խարբերդում, Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փողոցի 42/1 հասցեում: Այժմ ընթացքում են արտաքին ինժեներական ցանցերի տեխնիկական պայմաններն ստանալու ու նախագծանախահաշվային փաթեթը գնելու գործընթացները:  
Երևանի համար 24 մանկապարտեզի հին շենքն էլ կքանդվի և նորը կկառուցվի:    
***
Հասարակական տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կնախատեսվի տուգանք. օրենսդրական փաթեթը վաղը կքննարկվի ԱԺ-ում:  Քաղաքապետը փաստել  է, որ քաղաքացիների գերակշիռ մասն առանց որևէ նման կարգավորման վճարում է ծառայության դիմաց, իսկ չվճարողների համար անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է: 
***
Ավտոբուսներում երկրորդ վալիդատորների ամբողջական տեղադրումը կավարտվի մինչև հուլիսի վերջ։ «MAN» ավտոբուսներում դրանց տեղադրումն արդեն ավարտված է: 

Լուսանկարներ