Երևանի քաղաքապետարանը քննարկել է «EBSCO»-ի հետ համագործակցության հնարավորությունները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը աշխատանքային հանդիպում է ունեցել «EBSCO»-ի տարածաշրջանային ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցություն սկսելու հեռանկարները։
«EBSCO»-ն գիտական տվյալների շտեմարանների ոլորտում աշխարհահռչակ կազմակերպություն է, որն իր որոնողական համակարգերով ապահովում է գիտական և մասնագիտական տեղեկատվության մատչելիությունը՝ հնարավորություն ընձեռելով որոնելու և օգտվելու համապատասխան մասնագիտական գրականությունից, հետազոտություններից և այլ գիտական միջոցներից։
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային գիտական և մասնագիտական տեղեկատվության մատչելիության մեծացումը, որը նոր հնարավորություններ կստեղծի ոլորտային մասնագետների կարողությունների զարգացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և ապացուցահեն մոտեցումների կիրառման համար։
Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է հավաստի տվյալների, մասնագիտական հետազոտությունների և ապացուցահեն մոտեցումների հիման վրա ծրագրերի իրականացումն ու որոշումների կայացումը՝ նպաստելով առավել արդյունավետ, հասցեական և հիմնավորված սոցիալական քաղաքականության ձևավորմանն ու իրագործմանը։