Երևանի քաղաքապետարանը կարևորում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերը
«Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի եվրոպական կոալիցիան, որն ակտիվ գործունեություն է ծավալում դեռևս նախորդ դարի 90-ական թվականներից, իր շուրջն է համախմբել 37 երկրների։ Այս երկրների շարքում է նաև Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 11 տարի է, ինչ անդամակցում է կազմակերպությանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է համարում հիվանդությունների ուշ հայտնաբերումը, ուստի առանձնահատուկ կարևորում է դրանց վաղ ախտորոշմանն ու հանրային իրազեկմանը նպաստող ծրագրերը։ Այս համատեքստում առանցքային է քաղաքապետարանի դերը համայնքային բժշկական հաստատությունները նորագույն սարքավորումներով վերազինելու և բուժանձնակազմի վերապատրաստման կրթական ծրագրերն ապահովելու գործում։
Իր հերթին «Եվրոպա Դոննա» կոալիցիան իր ջանքերն է ներդնում տեղեկատվական հանդիպումների և գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ։ Այս միջոցառումների շնորհիվ բազմաթիվ բուժառուների մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել հասնելու լիարժեք ապաքինման։