Երևանի քաղաքապետարանի «Խելացի քաղաք» նախագծի իրականացմանը կաջակցի նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը

02.05.2018

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 17-18-ը տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Էլեկտրոնային կառավարում քաղաքացիամետ և թափանցիկ վարչական գործընթացների համար» ծրագրի համաժողովը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերությունը: 

Համաժողովին, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանն անդրադարձել է անցած տարվա նոյեմբերին նույն ձևաչափով կայացած հանդիպման ընթացքում իր իսկ առաջարկած «Խելացի քաղաք» (Smart City) նախագծին, որը քսան առաջարկների շարքում ընդգրկվել էր լավագույն եռյակում և կյանքի կոչվելու հնարավորություն ստացել: Քննարկվել են վերոնշյալ նախագծի իրականացման առաջնահերթությունները: Երևանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը (BIG DATA FOR URBAN PLANNING) հավանության է արժանացել համաժողովի մասնակիցների մեծամասնության կողմից, որի իրականացմանը՝ խորհրդատուի ներգրավման ֆինանսավորման և հետագայում ծրագրի իրականացման հարցերում աջակցություն է հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):
Նշենք նաև, որ «Էլեկտրոնային կառավարում քաղաքացիամետ և թափանցիկ վարչական գործընթացների համար» ծրագիրը Հայաստանում համակարգվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ