Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված ոլորտային  բարեփոխումներին

07.11.2023

Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ, որոնք միտված կլինեն հետևյալ ուղղությունների և ոլորտների բարեփոխումներին՝
1.    աղբահանություն,
2.    հասարակական տրանսպորտ,
3.    զբոսաշրջություն,
4.    առողջապահություն,
5.    բնակչությանը մատուցվող ծառայություններ,
6.    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
7.    մասնակցային կառավարում,
8.    կանաչ տնտեսություն,
9.    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:
Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության նպատակն է բարելավել հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնել առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային: Գործընթացում ներգրավված կազմակերպությունները հետագայում կընդգրկվեն Երևանի տեղական ԲԿԳ համակարգող խմբում: Առաջարկներ կարող են ներկայացնել բոլոր այն անհատները և կազմակերպությունները, որոնց գործունեությունը համապատասխանում է հետևյալ սկզբունքներին՝
•    առնվազն հինգ տարվա մասնագիտացված աշխատանքային գործունեություն,
•    կազմակերպություններ, որոնց կանոնադրության նպատակները բխում են աղբահանության, հասարակական տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության, բնակչությանը մատուցվող ծառայությունների, կայուն սոցիալական միջավայրի ապահովման, մասնակցային կառավարման, կանաչ տնտեսության ոլորտներից և ուղղություններից, կոռուպցիայի դեմ պայքարից,
•    ծանոթ են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, ինչպես նաև իրականացրել են ծրագրեր, որոնց հիմքում ընկած են նախաձեռնության սկզբունքները և ունեն ազգային կամ տեղական իշխանությունների հետ համագործակցության փորձ:
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, այն է՝ թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցայնություն, նորարարություն: 
Մասնակցության առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը՝ ուղարկելով zargacum@yerevan.am էլ. հասցեին կամ լրացնել առաջարկների ներկայացման ձևաչափը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 227 հեռախոսահամարին:
 

Լուսանկարներ