Երևանի քաղաքապետարանում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Դպրոցական ավագանու» հերթական նիստը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Նիստին մասնակցել է 9-րդ դասարանի 64 աշակերտ, որոնք մեկ օրով ստանձնել էին Երևան քաղաքի ավագանու անդամների դերը։
Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը: Նախապես ներկայացված 78 զեկույցից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրվել էր 5 լավագույնը։
Ավագանու հաստատմանը ներկայացված բոլոր զեկույցները, որոնք վերաբերում էին թմրամիջոցների օգտագործման և տարածման կանխարգելմանը, երեխաների ձայնը լսելի դարձնելուն, աղբահանությանը, թափառող շներին, ինչպես նաև շենքերի աղտոտվածության խնդիրներին, արժանացան հավանության և հաստատվեցին։