Երևանի քաղաքապետը Փարիզում հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանաի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Ողջունելով Հրաչյա Սարգսյանին՝ Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության ծրագրերը՝ քաղաքային պլանավորման կոնկրետ ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները՝ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությանը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը: