Երևանի քաղաքապետը ծանոթացել է փոքրիկ նկարիչների աշխատանքներին

08.10.2016

Երևանի ծննդյան օրը քաղաքապետարանի հարակից հրապարակը մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներինն էր. «Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր երեխաների համար նաև նկարներով արտահայտելու իրենց սերը Երևանի հանդեպ: 

Պատկերված նկարների գերակշիռ մասն, անշուշտ, մանուկների պատկերացրած Երևանն էր, որն առլեցուն էր արևով, ժպիտով ու բազմերանգ ծաղիկներով: Արևի քաղաք Երևանի փոքրիկ նկարիչների աշխատանքներին ծանոթացել է նաև տոնական քաղաքում շրջող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի օրվա առթիվ շնորհավորելով փոքրիկ երևացիներին ու նրանց ծնողներին, քաղաքապետը վստահեցրել է, որ արվել և արվելու է ամեն ինչ, որ այսօրվա փոքրիկներին, ովքեր դառնալու են մայրաքաղաքի վաղվա լիարժեք տերերը, փոխանցվի ավելի լավ , հարմարավետ ու քիչ հոգսերով Երևան:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին