Երևանի կենդանաբանական այգին համալրվել է մի շարք նորույթներով
Երևանի կենդանաբանական այգու ողջ տարածքում այսուհետ առկա է WiFi ցանց, իսկ կենդանիների ազատավանդակները համալրվել են տեսախցիկներով ու QR code հնարավորությամբ տեղեկատվական վահանակներով։ Սա հերթական ծրագիրն է, որ իրականանում է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի փոխվստահության ու գործընկերության շնորհիվ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել են այգում և ծանոթացել ծրագրի վերջնական արդյունքին, առաջինը փորձարկել նորույթները։
«Տարեցտարի նորովի, նոր ծրագրերով, նոր նախագծերով է լրամշակվում մեր Կենդանաբանական այգին, որի մասին կարող ենք հպարտությամբ ասել՝ այն տարածաշրջանում իսկապես բացառիկ է։ Մեր ձգտումն է՝ ունենալ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կենդանաբանական այգի։ Եվ սրանով է պայմանավորված նաև նորագույն տեխնոլոգիաների առկայությունը, որը ժամանակի պահանջն է։ Կենդանաբանական այգին միշտ էլ լավ արդյունքներով համագործակցել է մասնավոր հատվածի հետ, մասնավորապես, ինչպես և այս դեպքում է՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի հետ, որին շնորհակալություն ենք հայտնում՝ հերթական ծրագրի համար»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Կենդանաբանական այգու տնօրենը նկատել է, որ նորամուծությունն այգու անվտանգության, ինչպես նաև տարբեր կրթական ծրագրերի բարելավման լրացուցիչ հնարավորություն ու կարևոր բաղադրիչ է։
«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ այսօր Երևանի կենդանաբանական այգին զգալիորեն մոտեցել է միջազգային հարթակում գտնվող կենդանաբանական այգիների մակարդակին։
«Երևանի կենդանաբանական այգին, ինչպես տեսնում ենք, արդեն դառնում է էկո-կրթական, էկո-ուսուցողական կենտրոն. և դա շատ կարևոր է։ Մենք հպարտանում ենք մեր այգով և մենք բոլորս պիտի աշխատանքներ տանենք՝ ապահովելու համար զարգացման շարունակականությունը, այգին ավելի հաճելի ու մատչելի դարձնենք այցելողների, հատկապես՝ աշակերտների, ուսանողների համար։ Այս առիթով «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը, ինչպես նաև ես ու ընտանիքս համապատասխան ներդրումներով աջակցեցինք, որ այգում իրականացնենք համապատասխան ենթակառուցվածքային աշխատանքը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը։
Շնորհանդեսի մասնակիցներին ներկայացնելով նորույթի գործարկումը՝ Կենդանաբանական այգու տնօրենն ընդգծել է, որ այգում ներդրվող նորամուծությունները հարմարեցվում են նաև հաշմանդամություն ունեցող այցելուների համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն