Երևանի պատվիրակությունը այցելել է ԼՂՀ մայրաքաղաք
Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի օրվա կապակցությամբ այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք։ Պատվիրակության կազմում եմ եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյան, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Պատվիրակության անդամները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և հանդիսությունների մասնակից հյուրերի հետ ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին, շրջել Ստեփան Շահումյանի անվան պուրակում, ներկա են գտնվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում և Վերածննդի հրապարակում կազմակերպված միջոցառումներին, ազգային ավանդական տարաբնույթ խաղերին:
Այնուհետ Երևանյան պատվիրակությանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին քաղաքի օրվա, ինչպես նաև քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ հայկական երկու մայրաքաղաքներին միջև հաստատված կապն ավելին է, քան քույր քաղաքներին հատուկ գործընկերությունը։
«Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, յուրաքանչյուր առիթով վերահաստատում է աննախադեպ պատրաստակամությունը՝ ավելի ու ավելի ամրացնելու մեր երկու մայրաքաղաքների գործընկերային կապն ու հատկապես բարեկամությունը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և Ստեփանակերտի քաղաքապետին հանձնել Քաղաքի օրվա խորհրդանշական հուշանվերներն ու համակարգիչ՝ քաղաքապետարանին։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր գոհունակությունն է հայտնել երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև օրավուր ամրապնդվող բարեկամության ու համագործակցության խորացման առնչությամբ՝ հատուկ կարևորելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ներդրումն ու աջակցությունը: Սուրեն Գրիգորյանն ընդգծել է նաև արդեն իսկ շոշափելի արդյունքներ տված և զարգացման մեծ հեռանկարներ ունեցող ԼՂՀ և Երևանի վարչական շրջանների միջև առկա ծրագրերի կարևորությունը։
Երևանի պատվիրակության անդամներն այցելել են նաև մայրաքաղաքի թիվ 5՝ «Մանուկների մոլորակ» մանկապարտեզ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը նորաբաց մանկապարտեզին նվիրել է հեռուստացույց, DVD նվագարկիչ, խաղեր, մանկական խաղալիքներ և մարզագույք:
Այցի ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Սուրեն Գրիգորյանին՝ արցախցիներին հատուկ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն