Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

20.10.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում:

Կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրքիր են Երևանին փորձի փոխանակման առումով:

Մասնավորապես, որպես ռազմավարական առաջնահերթություններ՝ քաղաքապետն առանձնացրել է երթևեկության բեռնաթափման և կառավարման, ինչպես նաև օդի աղտոտվածության նվազեցման խնդիրները։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող և նախաձեռնված այն ծրագրերը, որոնք միտված են տվյալահեն կառավարման ներդրմանն ու համակարգային լուծումների կիրառմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պեկինի քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանում գտնվելու օրերին այցելել է քաղաքային կառույցներ և ծանոթացել իրականացված ծրագրերին։ Նա ընդգծել է, որ Երևանը զարգացման կարևոր ուղի է բռնել, և նկատել, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները տեսանելի են քաղաքում։

Սիոն Վընը նաև նշել է, որ Պեկինը պատրաստ է կիսվելու Երևանի հետ իր հաջողված փորձով և քաղաքային կառավարման ոլորտում կուտակած գիտելիքներով՝ նպաստելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության խորացմանն ու արդյունավետ լուծումների փոխանակմանը։

Լուսանկարներ

Տեսնել ավելին