Երևանում անցկացվել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը

17.03.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին՝ նվիրված հանրային կառավարման բարեփոխումներին: Վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են նաև COPA տաղավարում ներկայացված արհեստական բանականությամբ համալրված հանրային կառավարման տեխնոլոգիական ոլորտի լուծումներին: Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդես է եկել ելույթով. «Այսօր քաղաքների դերը պետական կառավարման և հանրային քաղաքականությունների զարգացման մեջ գնալով ավելի է մեծանում։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ հանրային կառավարման ոլորտում։ Դեռևս 2018 թվականին սկսեցինք մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված պետական ծառայությունների պարզեցմանը, թվայնացմանը և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Նույն տարիներին մեծ թափով շարունակվեց տեղական ինքնակառավարման համակարգի հիմնարար բարեփոխումը՝ համայնքների խոշորացման գործընթացը, իսկ 2019 թվականին մեկնարկեցին նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք համայնքներին, բացի կառուցված ճանապարհներից, մանկապարտեզներից, մշակույթի տներից, այգիներից, տվեցին նաև գիտելիք՝ այդտեսակ նախագծեր իրականացնելու համար։ Այս բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը, իմ համոզմամբ, պետք է լինի համայնքների ֆինանսական ամրապնդումը։ Տեղական իշխանությունները պետք է ունենան բավարար գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց բնակիչների խնդիրներն արդյունավետ լուծելու համար։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում իրականացրել ենք մի շարք կարևոր բարեփոխումներ։ Մենք եռապատկել ենք քաղաքի սեփական եկամուտները, ամբողջությամբ թվայնացրել ենք քաղաքային ծառայությունները՝ ներդնելով YES էլեկտրոնային հարթակը, երևանցիներին տրամադրել ենք քաղաքային կառավարմանը մասնակցելու թվային գործիք՝ «Ակտիվ քաղաքացի» հավելվածը։ 70 թվականների սարքավորումներով աշխատող մեր հիմնարկները և ընկերություններն արդիակացրել ենք՝ ներդնելով 21-րդ դարին համապատասխան տեխնիկական և թվային գործիքներ: Մեր նպատակն է, որ Երևանում ձևավորվող այս փորձը օգտակար լինի նաև Հայաստանի մյուս համայնքների համար, և Համայնքների միության միջոցով մենք պատրաստվում ենք այս լուծումները հասանելի դարձնել մեր մյուս համայնքներին։ Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնության համար, և վստահ եմ, որ այս քննարկումները կնպաստեն հանրային կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին՝ օգնելով լիարժեք իրացնել Հայաստանի ներուժը և ապահովել մեր երկրի զարգացումը առաջատար պետությունների հետ համընթաց»:

Լուսանկարներ