Երևանում քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

24.06.2026

Երևանում շարունակվում են ներառականության և սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը հանդիպել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող սոցիալական տաքսի ծառայության և համապատասխան թվային հարթակի մշակմանն առնչվող հարցեր։ Համակարգի նպատակն է օգտատերերի և վարորդների համար նախատեսվող գործառույթների, մատչելիության ապահովման մեխանիզմների, տեխնիկական լուծումների, անվտանգության միջոցառումների, ինչպես նաև պետական և սոցիալական ծառայությունների հետ ինտեգրման հնարավորությունների ստեղծումը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է ծրագրի սոցիալական կարևորությունը և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության և անկախ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Երևանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել բոլոր քաղաքացիների համար առավել հասանելի, հոգատար և ներառական միջավայր ձևավորելու ուղղությամբ։
 

Լուսանկարներ