Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանը: Իր ելույթում քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ համաժողովը գիտելիքի և փորձի փոխանակման, նոր հորիզոնների բացահայտման ու զարգացման կարևոր հարթակ է:
«Մեծ պատիվ և հաճելի փորձառություն է Երևանում մեկ հարկի տակ համախմբել ոլորտի առաջատարներին: Գինին մեր պատմության, մշակույթի և ավանդույթների արտահայտումն է: Հայաստանն ունի խաղողագործության հազարամյակների պատմություն, որտեղ առանձնահատուկ տեղ է գրավել նաև Երևանը: Այս միջոցառումը ավանդույթների և նորարարության խաչմերուկ է, որտեղ միավորողը գինու զբոսաշրջության խթանման տեսլականն է» ,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Համաժողովին մասնակցում է գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ: Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են առանձին քննարկումներ՝ նոր գաղափարների մշակման և փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: