Երևանում նշվում է Համո Սահյանի 100-ամյակը

14.04.2014

Համո Սահյանի 100-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ ականավոր բանաստեղծի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել բանաստեղծի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, բազում արվեստագետներ, արվեստասերներ, ինչպես նաև Հ. Սահյանի անվան դպրոցի սաները։

«Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը գործելու է ողջ տարին։ Նախատեսված են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որոնց ներգրավված են նաև Երևանի դպրոցները։ Համո Սահյանի ամբողջական կենսագրության վավերագրական նոր ֆիլմ է նկարահանվելու, տեղադրվելու է բանաստեղծի հուշարձանը: Բացի այդ նաև հուշաքար է փակցվելու այն շենքի պատին, որտեղ ապրել է Համո Սահյանը: Էլի շատ ու շատ այլ միջոցառումներ են անցկացվելու, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Ներկաները ծաղիկներ են դրել բանաստեղծի շիրիմին, ասմունքել են, ընթերցել հոդվածներ Համո Սահյանի ստեղծագործության մասին, ապա նաև ունկնդրել են նրա անունը կրող դպրոցի սաների ելույթները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ