«Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի անհատական շահին». Տիգրան Ավինյան

29.06.2026

Երևանում տրանսպորտային հոսքերը բեռնաթափելու նպատակով դիտարկվում է քաղաք մտնող մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիների կառուցում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով խնդրին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ միակ լուծումը հանրային տրանսպորտի ավելի լավ աշխատելն է ու մարդատար մեքենաների գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելը: 
«Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ: Մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով: Երևանի՝ մանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավելի լայնանալու տեղ չունեն, և եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, ապ առաջին ու միակ բանը, որ մենք պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան էլ ավելի արագ ու հարմար»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Ավետ Ավետիսյան փողոցը բաց է երթևեկության համար, սակայն շինարարը պետք է վերացնի առկա թերությունները: Խոսելով հիմնարար ծրագրերի մասին, անդրադառնալով նաև Կիևյան կամրջի հիմնանորոգմանը, քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է խստացնել որակի նկատմամբ վերահսկողությունը: 
«Կապալառուները պետք է հասկանան, որ այդ ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական: Օրինակ, Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց-որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամրջի առումով, ու եթե վերջում հանկարծ ասֆալտի պարագայում խնդիր ունեցանք՝ էլի գումար չենք տալու: Սա ամենակարևոր հանգամանքն է. այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտ»,- նշել է Ավինյանը:
***
Հաղթանակի զբոսայգու՝ Բաբայան փողոցին հարող շուրջ 6900 քմ մակերեսով հողատարածքը սեփականատիրոջ հետ բանակցություններից հետո կվերադարձվի համայնքին: Բացի այդ, ևս 2000 քմ հողատարածքի համար առաջարկվել է փոխանակում, որպեսզի բացառվի միջավայրին ոչ համահունչ որևէ կառուցապատում։ Այսպիսով շուրջ 9000 քմ տարածք կրկին կծառայի հանրությանը: Նշված տարածքները փաստացի զբոսայգու անտառային շերտի մի մասն են և գտնվում են «Մայր Հայաստան» հուշարձանի հյուսիս-արևմտյան հատվածում։ 
Այգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագիրն այս պահին դատական փուլում է։ Քաղաքապետարանը հրաժարվել է երկարացնել «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ կառուցապատման պայմանագիրը, ինչը բողոքարկվել է ընկերության կողմից։ 
Անդրադառնալով այս խնդրին՝ քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ  երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի անհատական շահին: 
***
Ավարտվել է Ուլնեցի–Ռուբինյանց ավտոճանապարհի վերջնամասից մինչև Աճառյան փողոց երկաթգծի ծրագրով նոր ավտոճանապարհի կառուցման նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Հիմնավորվել է նոր ճանապարհային կապ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կնպաստի Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների միջև տրանսպորտային կապի բարելավմանը, գործող ճանապարհային ցանցի բեռնաթափմանը և երթևեկության կազմակերպման արդյունավետության մեծացմանը։ Վերլուծությունների համաձայն՝ նոր ճանապարհի շահագործումից հետո Աճառյան փողոցի և հարակից ճանապարհահատվածների երթևեկային ծանրաբեռնվածությունը նշանակալիորեն կնվազի, կանխատեսվում է շուրջ 38 հազար մեքենայի միջին օրական երթևեկություն։

***
Արտաշատի խճուղի-Մ2 հյուսիս-հարավ միջպետական ճանապարհը Հ8-Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի շինարարության մրցույթն ավարտվել է, հաղթող կազմակերպությունը որոշվել է, պայմանագիրը կնքման փուլում է։ Տեխնիկական հսկողության պայմանագիրն արդեն կնքված է։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 51.6 մետր երկարությամբ ուղեանց, հետիոտնային անցում և 460 մետր երկարությամբ նոր ճանապարհ, ինչը կբարելավի Մ-2, Հ-8 և Նորագավիթի 1-ին փողոցի տրանսպորտային կապը, կնվազեցնի խցանումները և կմեծացնի երթևեկության անվտանգությունը։
***
Երևանի էներգաարդյունավետության 1-ին ծրագրով 47 հանրային շենքերում իրականացվել են հորիզոնական միջոցառումներ: Ծրագիրն ուղղված է Երևանի 36 մանկապարտեզներում, 9 առողջության կենտրոններում, հ. 3 մանկապատանեկան կենտրոնում ու Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումների ներդրմանը ՝ էներգիայի սպառման, գործառնական ծախսերի և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: 2026թ. ծրագրի ամբողջական իրագործմամբ ակնկալվում է էներգիայի սպառման 10–15% կրճատում, ինչը կարող է ապահովել մինչև 1.8 մլն կՎտժ տարեկան խնայողություն, շուրջ 49 մլն դրամ խնայողություն և մինչև 450 տոննա CO₂ արտանետումների նվազում։ Սրանք նախնական տվյալներն են, որոնք համակողմանիորեն կգնահատվեն ծրագիրը լիարժեքորեն գործարկելուց հետո:

***
Հունիսի վերջին նիստում Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Երևանը քաղաքը հնարավորություն ունի ավագանու որոշմամբ Հրազդանի կիրճի համար բնության հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ սահմանել: Այս գործողության իրականացմամբ Երևանը, թերևս, կդառնա առաջինը՝ համայնքային հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհմամբ, ինչը նաև առաջիկայում Հայաստանում անցկացվող COP17-ի շրջանակում կարևորագույն հանձնառություններից է: Կիրճում կատարվող և նախատեսվող բարենորոգման բոլոր  գործերի նկատմամբ կսահմանվի խիստ հսկողություն և կգործեն հատուկ կարգավորումներ, ինչպես նաև դրանց հիմքում դրված կլինի առկա կենսաբազմազանության ուսումնասիրությունը՝ կենդանական և բուսական աշխարհին վնասը բացառելու համար:   
***
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնման և արդիականացման ծրագրով Երևանի քաղաքապետարան ներկայացված էսքիզային առաջարկը քննարկվել է և ներկայացվել ԿԳՄՍՆ՝ ստանալով դրական դիրքորոշում։ Ծրագրի ընթացքն ապահովելու նպատակով ապամոնտաժվել է տարածքում գտնվող սրճարանը՝ ազատելով մուտքը դեպի տարածք։ Նախագծողների և կինոթատրոնի սեփականատիրոջ հետ քննարկումների շնորհիվ սկիզբ է տրվել հուշարձանի առկա վիճակի ուսումնասիրությանը, որից հետո կտրամադրվի հուշարձանի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, ինչպես նաև նախագծելու թույլտվություն։

Լուսանկարներ