«Երևանյան ամառ 2016» . «Ողջույն Ավանից» խորագրով միջոցառում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի այգում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր` «Ողջույն Ավանից» խորագրով: Ներկաներին ու հատկապես ավանցի երեխաներին ամառային տոնական երեկոյի ընթացքում համերգային հագեցած ծրագրով ողջունել են Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի և Ավանի մշակույթի տան սաները, «Հրաշամանուկ» մանկապատանեկան ստուդիայի փոքրիկները, ինչպես նաև անհատ կատարողներ, երգի ու պարի բազմաթիվ համույթներ: Տեղում կազմակերպվել է երեխաների ձեռագործ և նկարչական աշխատանքների ցուցահանդես: Կրկեսային համարներով է ներկայացել աճպարար Արայիկ Պողոսյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը , ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների հանրույթներ: Մանուկներին մատուցվել են հաճելի անակնկալներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն