«Երևանյան ամառ 2017». Մայրաքաղաքում 3-րդ տարին անցկացվել է «Համով-հոտով Երևան» փառատոնը
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը: Այն կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ովքեր շրջել են տաղավարներով, զրուցել մասնակից-կազմակերպությունների հետ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց համար փառատոնը դարձել է բացահայտումների և հիացմունքի երեկո: Որպես զբոսաշրջության խթանման կարևոր գործիք առանձնացնելով զբոսաշրջային ուղղվածության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Կարևորելով միջոցառումային զբոսաշրջության զարգացումը՝ մենք ունենք մի քանի զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոներ Երևանում, այս փառատոնը «Երևանյան ամառ 2017» ծրագրի առաջին զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոներից է: «Համով-հոտով Երևան» փառատոնի կազմակերպումը կարևորում ենք այնքանով, որ դրա հիմքում դրված է շատ կարևոր գաղափար՝ ներկայացնել մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին հայկական խոհանոցի լավագույն ավանդույթները, ներկայացնենք հայ խոհարարական հարուստ ժառանգությունը, տարածենք դրանց կիրառումը մեր առօրյայում և մեր քաղաք այցելող հյուրերին ներկայացնենք ազգային տոներն ու դրանց հետ կապված տոնածիսական ուտեստները»:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին փառատոնի կազմակերպման գործում իրենց աջակցելու համար՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշել է. «Արդեն 9-րդ տարին է, որ կազմակերպում ենք այս փառատոնը, սակայն այն շատ ավելի շքեղ և գրավիչ է դարձել վերջին երեք տարիների ընթացքում՝ ընդգրկվելով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո՝ տուրիզմի բաժնի հետ համագործակցելով: Այժմ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում մեր տոնածիսական ուտեստներով, որոնց բաղադրատոմսերը մեզ են փոխանցվել մեր տատիկներից և մայրիկներից»:
Փառատոնի ընթացքում ներկայացվել են տաղավար տոներն իրենց ավանդական ուտեստներով, այդ թվում՝ Նավասարդ, Բուն բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման տոն, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ ծնունդ, Ծաղկազարդ, Տյառնընդառաջ և այլ տոներ, ինչպես նաև հայկական արտադրության գինիներ, տիկնիկներ և կարպետներ:
Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական տոներին պատրաստվող մի շարք ավանդական կերակուրներ, իսկ փառատոնին աջակցող երիտասարդ-կամավորները տարբեր լեզուներով ներկայացրել են տոների և դրանց հետ կապված ուտեստների խորհուրդը:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է հայկական ազգային երգ ու պարով, որին մասնակցում էին ոչ միայն համույթներն ու մենակատարները, այլև բոլոր հյուրերը:
Այս տարի փառատոնի շրջանակում առաջին անգամ անցկացվել է խոհարարական մրցույթ, որի շրջանակում տաղավարները ներկայացրել են իրենց պատրաստած աղցանները, և ժյուրիի կողմից ընտրված լավագույնը ստացել է «Երևանյան աղցան» անվանումը: Ժյուրիի կազմում են եղել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու ռուսաստանաբնակ մեր հայրենակցուհի, խոհարար-հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը: Կազմակերպիչները հորդորել են բոլոր ռեստորաններին հաղթող աղցանի բաղադրատոմսը ընդգրկել իրենց ճաշացանկերում: Խոհարարներն էլ իրենց հերթին խոսք են տվել մտածել հետաքրքիր կերակուր՝ Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ:
Փառատոնի ողջ ընթացքում տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ այցելուների շրջանակում անցկացվել են հարցումներ, որոնց արդյունքում որոշվել են նաև «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» («Հին Արենի» գինու գործարան), «Ամենահյուրընկալ տաղավար» («Մեգերյան կարպետ» ընկերություն) և «Ամենահամեղ տաղավար» («Հին Տուն» ռեստորան) անվանակարգերի հաղթողները: Փառատոնի ավարտին բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ ակտիվ մասնակցության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն