«Երևանյան ամառ 2018». ամփոփվել են «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի արդյունքները
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի արդյունքները: Հաղթողներին մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:
Թիմային հաշվարկով բակային մարզական փառատոնում առաջին հորիզոնականը գրավել է Շենգավիթ վարչական շրջանը՝ արժանանալով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին: Երկրորդ հորիզոնականում Դավթաշենն է, երրորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը:
Հատկանշական է, որ այս տարի Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի և հաշմանդամների «Փյունիկ» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում ստեղծվեց պարահոկեյի թիմ, որի առաջին ցուցադրական խաղը տեղի ունեցավ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով:
Պարգևատրման արարողության ժամանակ Կամո Արեյանը փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար շնորհակալություն է հայտնել բոլոր վարչական շրջաններին և աջակիցներին, նաև կարևորել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը մարզական միջոցառումներին:
Հիշեցնենք, որ արդեն ավանդական դարձած «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնը միտված է մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանն ու տարբեր մարզաձևերի նկատմամբ հետաքրքրություն դրսևորող երեխաներին Երևանի մարզադպրոցներ ներգրավելուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն