Դպրոցական մարզական միջավայրը նորացվում է և դառնում հարմարավետ

06.11.2026

Երևանյան ևս երեք դպրոցներում բարեկարգվել են երկու մարզադահլիճներն ու մարզահրապարակը՝ դրանք դարձնելով առավել հարմարավետ ու ժամանակակից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է Խրիմյան Հայրիկի անվան հ. 10,  Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 և Ալեքսանդր Պուշկինի անվան հ. 8 դպրոցներում կատարված աշխատանքներին:  
Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում ամբողջությամբ քանդվել են ֆիզկուլտուրայի դահլիճի պատերի, առաստաղի և հատակի նախկինում եղած բոլոր շերտերը: Տեղադրվել է փայտյա նոր հատակ, պատերը ցանցապատվել են, ինչպես նաև լուսավորության ու օդափոխության համակարգեր: Դպրոցն ապահովվել է անհրաժեշտ մարզագույքով: Լիովին վերակառուցվել են հանդերձարաններն ու հրաձգարանը:
Բացի այդ, դպրոցի արտաքին հատվածում իրականացվել են հիմքերի ամրացում, ջրամեկուսացման աշխատանքներ, բետոնապատում, ասֆալտապատում, ինչպես նաև կառուցվել է անձրևատար համակարգ: 
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում վերակառուցվել է բակի մարզահրապարակը.  աշակերտների համար ստեղծվել է վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի համար նախատեսված խաղադաշտ: Կատարվել են հատակի ռետինապատման, ցանկապատերի տեղադրման և ներկման աշխատանքներ, տեղադրվել են ջրահեռացման ու լուսավորության համակարգեր: Կառուցվել է նաև տրիբունա, տեղադրվել են մարզասարքեր:  
Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում ևս ամբողջությամբ քանդվել են ֆիզկուլտուրայի դահլիճի պատերի, առաստաղի և հատակի նախկինում եղած բոլոր շերտերը: Ծրագրի համաձայն, պատերը ցանցապատվել են, տեղադրվել են փայտյա նոր հատակ, լուսավորության ու օդափոխության համակարգեր: Դպրոցը կահավորվել է խաղային չափորոշիչներին համապատասխան նոր մարզագույքով: Ամբողջովին վերակառուցվել են նաև հանդերձարանները:
 

Տեսանյութ

Դպրոցական մարզական միջավայրը նորացվում է և դառնում հարմարավետ