Երևանյան պատվիրակությունը՝ էստոնիայում

27.03.2023
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Տարտուի քաղաքապետի հրավերով մարտի 21-25-ը պաշտոնական այցով Էստոնիայի Տարտու քաղաքում էր։
Պատվիրակության կազմում էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը: 
Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասը Երևանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարևորել է երկու քաղաքների միջև հաստատվող գործակցությունն ու նշել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է լայն հնարավորություն: 
Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար, ընդգծել է քաղաքային իշխանության պատրաստակամությունը տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ 
Կողմերը զրուցել են նաև առողջապահության, կրթության, մշակույթի, նորարարական տեխնոլոգիաների, տրանսպորտի և էներգաարդյունավետության ոլորտում գործակցության հեռանկարներից։ Ի դեպ, ակադեմիական քաղաք Տարտուն արժանացել է 2024թ. «Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք»-ի տիտղոսին։ 
Երևանյան պատվիրակությունը հանդիպել է Տարտուի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռենո Լայդրին, քննարկել ավագանու գործունեությանն առնչվող մի շարք օրենսդրական հարցեր։ Պատվիրակությունն այցելել է նաև մի շարք կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել Տարտուի տարբեր  ոլորտները համակարգող փոխքաղաքապետերի, համալսարանական հիվանդանոցի խորհրդի գործադիր անդամների և Տարտուի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տալլինի քաղաքապետ Միխայիլ Կիլվարտի հետ։ Այս տարի Տալլինը «Եվրոպայի կանաչ մայրաքաղաք» տիտղոսակիրն է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր։ Երևանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Տալլինի հայ համայնքի հետ։
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին