Երկօրյա սեմինար՝ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների մասնագետների համար
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրով նախատեսված փորձի փոխանակման հերթական նախաձեռնությունը սեմինար էր՝ «Տեղական հարկերը ֆրանսիական հարկային համատեքստում. ցուցադրում և փորձի փոխանակում» թեմայով։
Երկօրյա սեմինարը, որն անցակցվում է Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման (G2iA) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ, վարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության մասնագետ, ոլորտի պատասխանատու Իվ Բիյոնը:
Սեմինարին մասնակցում են Երևանի վարչական շրջանների եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների և Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության մասնագետները։ Սեմինարին ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը։
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրով նախատեսված նման ծրագրեր իրականացվում են 2012 թվականից։ Առաջին սեմինարը «Գործնական քաղաքաշինություն» թեմայով էր։ 2014 թվականի ապրիլ և հունիս ամիսներին կազմակերպվել են սեմինարներ՝ «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» և «Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում» թեմաներով։
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցությունը ներառում է նաև փորձի փոխանակում՝ զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական ոլորտներում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն