Գագիկ Բեգլարյան. <<Էրեբունին դարձնել Երևանի այցեքարտը՝ որպես մեր ժողովրդի պատմական արժեք ….>>
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մարտի 2-ին հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվեց Էրեբունի ամրոցի վերականգնման և զարգացման ծրագիրը։ Նկատի առնելով, որ բարեկարգման սովորական ծրագիրը Էրեբունու պարագայում խիստ սահմանափակ կլինի, քաղաքապետի նախաձեռնությամբ, խնդրին լիարժեք պատմագիտական լուծում տալու նկատառումով աշխատանքային խմբում, բացի քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուներից, ներգրավված են էրեբունի թանգարանի տնօրենը, պատմաբաններ, հնագետներ, հուշարձանագետ գիտնականներ։ Քննարկումը շահեկան էր, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերաբերմունքը՝ գործնական. <<Իմ նպատակն է Էրեբունին դարձնել Երևանի այցեքարտը՝ որպես մեր ժողովրդի կարևոր պատմական արժեք։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բացօթյա թանգարանները, ինչպիսին մեր Էրեբունին է, բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում մարդկության համար։ Մենք պետք է կարողանանք Էրեբունին մեր մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին այնպես ներկայացնել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկը մեր պատմությունը ճանաչի Էրեբունիով և առաջին հերթին այցելի այնտեղ։ Իրականում մենք գործ ունենք շատ նուրբ և կարևոր պատմական կառույցի հետ, և ցանկալի արդյունք ստանալու համար լավագույն գիտնականներ, մասնագետներ ու միջոցներ են պետք։ Միջոցներ հայթայթելն իմ խնդիրն է, իրականացման մեխանիզմներն առաջարկելը՝ ձեր։ Իմ առաջարկը հետևյալն է. ձևավորենք միասնական աշխատանքային թիմ, հարցին տանք գլոբալ, արմատական լուծում>>,- դիմելով ներկաներին` նշեց Գագիկ Բեգլարյանը։
Էրեբունու վերականգնման ծրագրի աշխատանքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերից, այդ ընթացքում հուշարձանի տեխնիկական վիճակը նախնական ուսումնասիրության է ենթարկվել, ճշգրտվել են Էրեբունի թանգարանի ու ամրոցի սահմանները։ Թանգարանի ցուցադրելի հատվածը կենտրոնացված է միջնաբերդում։ Ինչպես ներկայացրեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վերջին տարիներին թալանվել է Խալդ աստծո տաճարի փայտե սյունաշարը, հատվածաբար փլուզվել է Արգիշտի արքայի պալատի տանիքը, անուշադրության հետևանքով վնասվել են որմնանկարները և այլն։ Միջնաբերդը բաղկացած է 3 բաժնից՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական, որոնք բոլորն էլ ամրացվելու կարիք են զգում (իհարկե պահպանելով ուրարտական ժամանակաշրջանի շինարարական սկզբունքները)։ Նախատեսվում է կառուցել միջնաբերդին նայող ամֆիթատրոն, որտեղ թատերական խմբերը կբեմականացնեն Էրեբունի ամրոցի հիմնադրման և, ընդհանրապես, մեր 2791-ամյա մայրաքաղաքի պատմության դրվագները։ <<Էրեբունի>> թանգարան մտնողը պետք է հնարավորինս լիարժեք պատկերացում ստանա, թե ինչպիսին է եղել Մենուայի որդի Արգիշտի արքայի հիմնած քաղաքը։ Էրեբունու վերականգնման ծրագիրը հնարավոր չէ սկսել և ավարտել մեկ կամ երկու տարում, ես այս հարցում չեմ շտապում։ Մեզ մոտ հաճախ անձն է որոշիչ. եթե կա անձը, կա նաև գործը, չկա անձը, գործը կանգ է առնում։ Էրեբունու համար ես ուզում եմ թիմ ստեղծել. այնպիսի թիմ, որի աշխատանքը կախված չի լինի անձերից։ Այսօր մենք պետք է Էրեբունու վերականգնման հիմքերն այնպես դնենք, որ այն հետո շարունակեն մեր երեխաները>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Քննարկման ընթացքում եղան առաջարկներ, գիտնականները ներկայացրին իրենց կարծիքները: Նշվեց, որ խորհրդային տարիներին, երբ հիմնադրվում էր Էրեբունի թանգարանը, պլանային շտապողականության հետևանքով շատ խնդիրներ պատմական և գիտական հիմնավոր լուծում չեն ստացել։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց. <<Ողջունելի եմ համարում, պարոն քաղաքապետ, խնդրին Ձեր մոտեցման ձևը։ Ցավոք, մենք մինչ օրս չենք ունեցել մեր հին, պատմական արժեքները ներկայացնելու բավարար մշակույթ: Այսօրվա Ձեր գործնական առաջարկը վստահություն է առաջացնում, որ մենք Էրեբունին վերականգնելու գործում արդյունքի կհասնենք։ Այս հուշարձանի վերականգնումը մեզ համար, բացի պատմական և զբոսաշրջային նշանակությունից, ունի նաև քաղաքական արժեք։ Բանը հասել է այնտեղ, որ հարևան Ադրբեջանի պատմաբաններն աշխատություններ են հրապարակում, թե իբր մեր Երևանը, որին իրենք Էրիվան են անվանում, եղել է իրենց <<պատմական>> տարածքը>>: Վերականգնման ծրագրով Հուշարձանների պահպանության և վերականգնման կենտրոնի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն առաջարկում է Էրեբունիում ստեղծել Ուրարտական կենտրոն, որտեղ կհամախմբվեն, Վանի թագավորության շրջանի սեպագրերը։ Առաջարկ կա նաև տեղափոխել թանգարանի կենտրոնական մուտքը։
<<Էրեբունու կոնցեպտը հասկանալով՝ ուրարտական ժամանակների համայնապատկեր ստանանք։ Հուշարձանը ճիշտ վերականգնելու դեպքում դա լիովին հնարավոր է>>,- կարծում է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը։ Քննարկման ընթացքում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առաջարկով ձևավորվեց Էրեբունի ամրոցի վերականգնման ծրագիրը համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Էրեբունի թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը, Հուշարձանների պահպանության և վերականգնման կենտրոնի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևանի գլխավոր ճարտարապետը, հուշարձանի վերականգնման մասնագետ ճարտարապետներ։ Քաղաքապետի հանձնարարությամբ համակարգող խորհրդի առաջնային խնդիրը Էրեբունի ամրոցի վերականգնման համալիր նախագծի մշակումն է, որին կհաջորդի ծրագիրն իրագործելու փուլը։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ առաջիկա անելիքներից են նաև բարեկարգումը, կանաչապատումը, լուսավորության և ջրահեռացման համակարգերի կառուցումը։ Նշենք, որ արդեն, որպես առաջին քայլ, Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ 2009 թվականին քաղաքապետարանը կառուցել է թանգարանից միջնաբերդ տանող աստիճանավանդակները, վերականգնել է այդ հատվածի լուսավորությունը, տեղադրվել են նստարաններ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն