Գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը

13.10.2026

Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք ևս հնարավորություն կունենան հանրային տրանսպորտից օգտվել անվճար: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:
Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային կարող են ուղեկցել տարբեր անձինք, այդ անձանց համար անհրաժեշտություն չի լինի սահմանել հատուկ կամ առանձնացված տեսակի տոմս: Սա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու պարագայում հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեկցողը որևէ տեսակի տոմս ներկայացնելու պարտականություն չի ունենալու: 
***
Երևանի ավագանու որոշմամբ հավանության արժանացավ նաև «Հրազդանի կիրճ» պահպանվող տեղանք կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու մասին որոշման նախագիծը: 
Հաստատվել է «Հրազդանի կիրճ» պահպանվող տեղանք կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման  ժամանակավոր միջոցառումների ծրագիրը, սահմանների նկարագիրը, հատակագիծը և տարածքի չափը՝ 236.26 հեկտար։ 
Երևանի տարածքում Հրազդան գետի կիրճն այն քիչ խաթարված վայրերից է, որտեղ քաղաքային մեծ ազդեցությունների պայմաններում դեռևս կարելի է գտնել բնական հարուստ կենսաբազմազանություն, արժեքավոր բնական համակարգեր, որոնք կարևոր նշանակություն ունեն քաղաքի կայուն և հետևողական զարգացման համար:
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա կազմակերպել կիրճում առկա երկրաբանական, բնական և պատմամշակութային հուշարձանների, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ կարմիրգրքյան տեսակների արդյունավետ պահպանություն: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի նաև  բնահեն լուծումների կիրառմամբ զարգացնել կիրճի վերականգնվող հնարավորությունները և ապահովել կիրճի մատչելիությունը բնակչության համար: 
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 17-ին:

Լուսանկարներ