«Գթության խոհանոց»-ի 24-րդ տարեշրջանի բացումը հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ ավելի քան 23 տարի Երևանում և ամբողջ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար.
«Մենք շատ ենք կարևորում գերմանական Կարմիր խաչի հետ համագործակցությունը և, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, այսուհետ ևս պատրաստ ենք շարունակել և ընդլայնել այդ համագործակցությունը», - ընդգծել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին նշել է, որ քաղաքապետարանի աջակցության շնորհիվ ավելացնել են մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչը՝ խոսելով մայրաքաղաքում «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակում ևս մեկ սննդի բաշխման արտագնա կետի բացման մասին, հայտնել է, որ դրանով իրենց շահառուների թիվն ավելանալու է ևս 65-ով՝ հասնելով շուրջ 500-ի:
«Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ Երևանի քաղաքապետարանը ցուցաբերել և ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն:
Հիշեցնենք, որ վերջին 4 տարիներին գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագիրը համաֆինանսավորավում է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Հանդիպման շրջանակում նշվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 22/5 հասցեում՝ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի կունենա «Գթության խոհանոց»-ի հերթական՝ 24-րդ տարեշրջանի բացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն