«Համատեղ ջանքերի, հետևողական աշխատանքի և նվիրումի շնորհիվ մենք միասին կկերտենք այսօրվա և ապագայի սպորտային Երևանը». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է 2026թ. հրաձգության Եվրոպայի առաջնությունում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներին: Շնորհավորելով առաջնությունում գրանցած նշանակալի հաղթանակների և զբաղեցրած բարձր հորիզոնականների համար՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը մտել է մարզական կյանքի ակտիվացման մի նոր փուլ, որի շրջանակում մայրաքաղաքում անցկացվող բազմաթիվ սպորտային միջոցառումները և միջազգային մրցաշարերը կրելու են շարունակական և զարգացող բնույթ։
«Սպորտն ունի բացառիկ դեր մարդու կյանքի ձևավորման և հասարակության առողջ ու ներդաշնակ զարգացման գործում: Այն ոչ միայն մրցակցություն է, այլև արժեքների, կամքի և միասնականության դաստիարակման կարևորագույն հարթակ։ Վստահ եմ, որ նոր գաղափարների և հետաքրքիր լուծումների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի խթանել հասարակության լայն շրջանակների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ և ամրապնդել համայնքի մարզական կյանքը։ Հենց այս նպատակին են ուղղված նաև համայնքային մարզական կառույցների արդիականացման ու նորերի կառուցման նախագծերը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի, հետևողական աշխատանքի և նվիրումի շնորհիվ մենք միասին կկերտենք այսօրվա և ապագայի սպորտային Երևանը»,- նշել է քաղաքապետը։
2026թ. հրաձգության Եվրոպայի առաջնությունում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներն ու հավաքականի մարզիչն արժանացել են դրամական պարգևների: