Համայնքային մշակութային կրթօջախներում հավասար հնարավորություններ և պայմաններ են ստեղծվում բոլոր երեխաների համար

26.04.2021

Մարմնի սահմանափակ կարողությունները պարարվեստում բացում են անսահմանության դռները: Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի ու «Միհր» թատրոնի նոր նախաձեռնությունն է: Հենաշարժողական, նաև տեսողության ու անգամ լսողության խնդիրներ ունեցող երեխաները բացահայտում են պարի լեզուն, զգում հոգու և մարմնի ներդաշնակությունը:


«Այս նախագիծն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որը վարպետության դասընթացների շարք է սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հետ՝ զարգացնելու ժամանակակից պարային մտածողություն: Իրենք իրենց նրբությունենրով օգնում են նորովի բացահայտել մարմինը»,- նշում է «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը:


Նախագիծը չէր իրականանա, եթե պայմանները թույլ չտային: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնի շենքն այս տարի մուտքից մինչև սենյակներ համալրվեց թեքահարթակներով: Ամբողջությամբ վերակառուցվեց ու հարմարեցվեց նաև սանհանգույցը: Սա ոչ միայն երեխաների, այլև նրանց հետ այստեղ աշխատող միանման խնդիրներով մասնագետների համար էր:


«Հավասար հնարավորությունները կարևորագույն նախապայմանն է, որ կրթադաստիարակչական աշխատանքները լինեն արդյունավետ: Այս իմաստով չափազանց կարևոր է, որ հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքը թե՛ տեղանքով, թե՛ շենքային պայամաններով լինի բացարձակապես հարմարավետ, հակառակ դեպքում ծրագրերը հաջողություն չեն ունենա: Ի դեպ, կենտրոնն այսօր ունի շուրջ 600 սան, որից 60-ն առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են»,-ասում է Շենգավիթ վարչական շրջանի պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը:


Դասընթացների ավարտին երեխաները հնարավորություն կունենան իրենց զգացողություններն ու սերը փոխանցելու նաև հանդիսատեսին բեմում: «Հավասար պայմաններ ու հնարավորություններ բոլորի համար» սկզբունքով համայնքային մշակութային կենտրոնները հետզհետե կդառնան հարմարավետ ու հասանելի:

 

Տեսանյութ

Համայնքային մշակութային կրթօջախներում հավասար հնարավորություններ և պայմաններ են ստեղծվում բոլոր երեխաների համար