Հանդիսավորությամբ բացվել են Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Հանրապետության ղեկավարն ու Երևանի քաղաքապետը շրջել են շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակարանային պայմաններին: Վերոնշյալ ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել 291 շահառու: Մայրաքաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցված ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 9800 քմ. ընդհանուր մակերես: Բնակելի համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից: Բնակարանները շահառուներին են հանձնվել ամբողջությամբ վերանորոգված: Համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 38846 քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 7110 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ: Շենքն ունի արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5,844,049,904 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել են ավելի քան 800 աշխատատեղեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն