Հայկական մշակույթը ներկայացվում է Չինաստանում

09.07.2026

Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված ճամփորդող ցուցահանդեսների միջազգային շարքը մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
ՉԺՀ Շանսի նահանգային թանգարանում բացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոյի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը թանգարանի 95-ամյակին նվիրված միջազգային ճամփորդող ցուցահանդեսների շարքի առաջին կանգառն է։ Մինչև տարեվերջ ցուցահանդեսը կներկայացվի նաև Հեբեյի և Շանդունի նահանգային թանգարաններում՝ շարունակելով ներկայացնել հայկական մշակույթն ու Երևանի պատմությունը չին այցելուներին։
Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի հավաքածուից ընտրված շուրջ 134 արժեքավոր նմուշներ՝ տարազներ, զարդեր, գորգեր, կարպետագործության և ասեղնագործության բացառիկ աշխատանքներ, ազգային նվագարաններ, ինչպես նաև հայ գեղանկարիչների ստեղծագործություններ։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Շանսիի համալսարանի հնագիտության ֆակուլտետի դեկան Գաո Տա Լոնը, Հնագիտության ինստիտուտի տնօրեն Լիու Յեն և Պատմամշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման ինստիտուտի տնօրեն Լու Յինը։ Նրանք ելույթներում կարևորեցին մշակութային երկխոսության, ժողովուրդների պատմամշակութային փոխճանաչման և միջազգային համագործակցության նշանակությունը։
Բացման ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակից Մելանյա Մելքոնյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսում ընդգրկված հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներն ու դրանց պատմական նշանակությունը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Շանսի թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ-ի համագործակցությամբ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին