Ինտերակտիվ տեղեկատվական նոր ցուցատախտակ Երևանում
Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղադրված ինտերակտիվ տեղեկատվական նոր ցուցատախտակը: Պատասխանատուները նշել են, որ եռալեզու տեղեկատվական էկրանի միջոցով, որն ի դեպ առաջինն է մայրաքաղաքում, ինչպես երևանցիները, այնպես էլ մայրաքաղաք այցելած հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի մշակութային օջախներին, ժամանցային վայրերին, երթուղային ցանցին և ստանալ մայրաքաղաքին վերաբերող այլ տեղեկություններ: Բացի այդ, նշվել է նաև, որ քաղաքացիները հնարավորություն կունենան տեղեկատվական էկրանի միջոցով մուտք գործելու Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայք և առցանց հետևելու կայքում տեղադրված տեղեկատվությանը: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի այլ վայրերում ևս նմանատիպ ինտերակտիվ ցուցատախտակներ տեղադրելու մասով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն