Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Բարխուդարյանին:
Անդրադառնալով վարչական շրջաններում կազմակերպվող աշխատանքներին՝ քաղաքապետ Սարգսյանը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնցում համայնքը համակարգային բարեփոխումներ է նախաձեռնել:
«Մենք նախանշում ենք այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր` ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերման համար: Որպես բնակիչների հետ շփման առաջնային օղակ՝ դուք պետք է մշտական կապի մեջ լինեք քաղաքացիների հետ, տեղեկացնեք նրանց մատուցվող ծառայություններում կատարվող փոփոխությունների ու առաջարկվող լուծումների մասին»,- նշել է քաղաքապետը:
Ակնկալելով արդյունավետ ու հետևողական աշխատանք՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Մալաթիա-Սեբաստիայում կշարունակվեն բարեփոխման ծրագրերը: