Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աջափնյակցիների հետ մասնակցել է նորակառույց բակերի բացմանը
Մայրաքաղաքի 2014 թվականի համաչափ զարգացման ծրագրերով վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման համալիր աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ միասին մասնակցել է Շիրազի 26, 28, 30, ինչպես նաև Մազմանյան 18 շենքերի նորակառույց բակերի բացմանը:
Բարեկարգման աշխատանքների ավարտից հետո երեխաների և մեծահասակների համար բակերում ստեղծվել են լիարժեք հանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները. տեղադրվել են զրուցարաններ, նստարաններ, կառուցվել և համապատասխան գույքով կահավորվել են խաղահրապարկները, ստեղծվել է ջրային ավազան, նաև վերանորոգվել է ֆուտբոլի խաղադաշտը:
Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բնակիչներին և հորդորել խնամել ու պահպանել տարածքը: Օգտվելով առիթից՝ բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման ծրագրերով իրականացվող աշխատանքների և մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի ու հետևողականության համար:
Աջափնյակ վարչական շրջանում այս տարի նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել շուրջ 17420 քմ ընդհանուր մակերեսով 34 բակային տարածք։ Բարեկարգումը ներառում է նաև այդ տարածքներում շուրջ 56420 քմ ասֆալտապատում և 1820 քմ սալիկապատում:
«Բակային տարածքներում բարեկարգման աշխատանքներին զուգահեռ մենք հատուկ ուշադրություն են դարձնում կանաչ տարածքների պահպանմանն ու ընդլայնմանը: Աջափնյակում այս տարի նշված աշխատանքների շնորհիվ կանաչ տարածքների մակերեսը կավելանա ևս 15000քմ-ով: Մայրաքաղաքի կտրվածքով սա կարևոր ցուցանիշ է», - նկատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Այս տարի Աջափնյակում կընդլայնվի նաև արտաքին լուսավորության ցանցը՝ ներառելով ինչպես բակային տարածքները, այնպես էլ խաղահրապարակները, այգիներն ու Սիլիկյան թաղամասի նոր խճուղին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և գնահատել է նաև Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկային հատվածի հարակից, երկու տարի առաջ կառուցված այգու խնամքի և պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Օգտվելով առիթից՝ բնակիչները մեկ անգամ ևս իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ տարածքը իսկապես հրաշալի հանգստյան գոտու վերածելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն