Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի առթիվ

05.10.2015

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրն ամբողջ աշխարհում նշվում է Ճարտարապետների միջազգային օրը: Տոնական օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Երևանում: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կառավարության անդամներ ու բազմաթիվ ճարտարապետներ: Շնորհավորելով ճարտարապետներին մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: 

«Սա ևս մեկ առիթ է, որ անդրադառնանք հազարամյակների պատմություն ունեցող մեր ճարտարապետությանը, գնահատենք վաստակաշատ մեր ճարտարապետներին ու այն աշխատանքը, որի արդյունքում ոչ միայն ստեղծվում են իսկապես մնայուն արժեքներ, այլև պահպանվում ու սերունդներին են փոխանցվում հայ ճարտարապետության ավանդույթներն ու նրբությունները: Միանալով բոլոր այն շնորհավորանքներին, որ մասնագիտական տոնի առթիվ այսօր ուղղվել են ձեզ` մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, նաև քաջառողջություն ձեզ ու ձեր ընտանիքներին»,- նշել է քաղաքապետը:
Ճարտարապետների միջազգային օրվա և Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գործունեության 25-ամյակի, ինչպես նաև թանգարանային արվեստի և ճարտարապետության բնագավառներում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կոլեկտիվը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով: Ճարտարապետների միջազգային օրվա և ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Լևոն Վարդանյանն էլ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Տոնական օրվա շրջանակում ճարտարապետներին պարգևներ են հանձնել նաև ՀՀ վարչապետն ու ՀՀ սփյուռքի նախարարը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ