Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կոնդեցիների հետ

05.03.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կոնդ թաղամասի բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող խնդիրներ: 
Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումն  ու կառուցապատման ծրագիր իրագործելու պարագայում  կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է:  
Նշենք, որ տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների։
Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Դրանց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար, ի դեպ, քաղաքապետարան մուտքագրված արդեն ավելի քան 670 դիմում կա: 
Գործընթացը շարունակվում է, փաստաթղթերն ուսումնասիրվում են:

Լուսանկարներ