Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառուցապատողների հետ քննարկել է Երևանի զարգացման քաղաքաշինական ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Շինարարների միության և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետը կառուցապատողներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները: Երևանի զարգացման գործում կարևորելով կառուցապատողների դերը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ նրանց վճարած տուրքերը ևս կարևոր ֆինանսական հիմք են՝ բազմաթիվ քաղաքային ծրագրերի կյանքի կոչման համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն մրցույթի: Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի (https://gis.yerevan.am/)՝ ներդրումային ծրագրերի հարթակում և Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում:
Անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում կառուցապատման գործընթացների կարգավորման և բարելավման ուղղությամբ։
Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկությունները՝ կարևորելով քաղաքապետարանի հետ երկխոսության շարունակականությունը։ Նրանք նշել են, որ նման հանդիպումները նպաստում են ավելի արդյունավետ համագործակցության ձևավորմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։