Քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է կազմակերպվել Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ

26.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վահե Նիկոյանը, ներկայացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում վերոնշյալ շենքի խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ու լուծումները, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է լսելու և քննարկելու նաև բնակիչների առաջարկները:

Ներկայացնելով հարցի լուծման վերաբերյալ իրենց կարծիքներն ու մոտեցումները՝ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 բնակիչները շնորհակալություն են հայտնել խնդրին արագ արձագանքելու և կառուցողական հանդիպում կազմակերպելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի վերջնական լուծման տարբերակի ընտրության նպատակով առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ