Քննարկում`«Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը շինարարական կառույցների նախագծման գործընթացում» թեմայով
Դեռևս ամիսներ առաջ պաշտոնական նամակով Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին էր դիմել ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Ասպո» նախագծային ինստիտուտի գլխավոր տնօրեն Յակով Բերեզինը` հանդիպման խնդրանքով: Վերջինս տեղեկացրել էր, որ ՌԴ նախագծային ինստիտուտների տնօրեններից, ճարտարապետներից, ճարտարագետներից կազմված 16 հոգանոց պատվիրակության անդամները Վրաստան և Հայաստան նախատեսված այցի շրջանակում ցանկություն են հայտնել ծանոթանալ կովկասյան 2 պետությունների ճարտարապետությանը, ինչպես նաև հանդիպումներ ունենալ մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների հետ:
Ռուսական պատվիրակության անդամներին Երևանում հյուրընկալել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ճարտարապետների միության նախագահի տեղակալ Ալեքսանդր Բադալյանը, Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը: Ողջունելով հյուրերին` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է հայկական ճարտարապետության համառոտ նկարագիրը: Պատվիրակության անդամների խնդրանքով անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում տարբեր տարիներին կյանքի կոչված ճարտարապետական կառույցների պատմությանը, արդի ճարտարապետության մեջ կիրառվող նորամուծություններին, այս ոլորտում մասնավոր և պետական կառույցների համագործակցությանը, ներդրումային ծրագրերին, ինչպես նաև շենքերի նախագծման գործընթացում ճարտարապետների դերին: Քննարկվել են նաև ոլորտի ռուսական ընկերությունների հետ եղած փոխգործակցությունն ու նաև փորձի փոխանակման նպատակով հնարավոր ծրագրերն ու անելիքները: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հանդիպման ընթացքում մասնավորապես երևանյան ճարտարապետությանն առնչվող քննարկումները մասնագիտական տեսակետից անչափ նպաստավոր էին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն