Կայացել է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստը

10.02.2026

Ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին: 
Նախագծի ընդունումը հնարավոր է դարձնում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառումը քաղաքային կայուն զարգացման մի շարք ծրագրեր իրագործելու համար: 
Համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում քաղաքային իշխանության առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը քաղաքային կառավարման տարբեր ենթակառուցվածքներում: Դա պաշտոնապես ամրագրվեց, երբ 2017թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները և ավելացնել կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու միջոցառումների իրականացումը:
Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» մշակվել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևանի անդամակցության ընթացքում: ԿԷԶԿԳԾ-ի նպատակն է հատկորոշել կլիմայի փոփոխությանը հետևանքները մեղմելու և հարմարվելու միջոցառումները: Դրանք ենթադրում են մինչև 2030թ․ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում առնվազն 30%-ով և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ համայնքի դիմակայունության բարձրացում: Կառաջարկվեն միջոցառումների իրականացման եղանակներ, ժամկետներ, ծախսեր, պատասխանատու մարմիններ, ակնկալվող արդյունքներ, նաև առաջընթացի մշտադիտարկման և ձեռքբերումների գնահատման գործիքներ: 
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին:

Լուսանկարներ